Թբիլիսիի ոստիկանությունը բերման է ենթարկել մի շարք քաղաքացիներ Լիսի լճի հարակից տարածքից, որտեղ բախում է տեղի ունեցել իրավապահների և ԼԳԲՏ համայնքի կողմից անցկացվող փառատոնի հակառակորդների միջև, հայտնում է «Грузия Online»-ը։
«Ոստիկանության և «Tbilisi Pride» փառատոնի հակառակորդների միջև բախումը Լիսի լճի տարածքի մոտ սկսվել է այն բանից հետո, երբ փառատոնի հակառակորդները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան և մտնել Լիսի լճի տարածք, որտեղ պետք է տեղի ունենար հպարտության փառատոնը»,- հայտնել է ԶԼՄ-ն։
Բախումների հետևանքով «Tbilisi Pride»-ի մասնակիցները ստիպված են եղել լքել փառատոնի անցկացման վայրը։
«Մենք ստիպված էինք լքել տարածքը։ Իրավապահները չեն կարողացել պաշտպանել տարածքը, տարհանումն իրականացվել է ֆիքսված երթուղու տաքսիներով»,- ասվում է «Tbilisi Pride»-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Վրաստանի նախագահը հրահանգել էր պատկան մարմիններին ապահովել «Tbilisi Pride» փառատոնի անվտանգ անցկացումը և դրա մասնակիցների խոսքի ու ինքնարտահայտման ազատությունը՝ երաշխավորված Սահմանադրությամբ։
Գեյ-շքերթը կամ գեյ-հպարտության-շքերթը (Tbilisi Pride) հիմնականում երթի ձևով ակցիա է, որի նպատակն է լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների և ԼԳԲՏ այլ ներկայացուցիչների տեսանելիությունը, նրանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և քաղաքացիական հավասարությունը՝ անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից, ինքնագնահատականի դրսևորումը, ԼԳԲՏ համայնքի բազմազանության և միասնության դրսևորումը։