Թուրքիան համաձայնել է հանել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վետոն՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բանակցություններից հետո։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ստոլտենբերգը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։
«Նախագահ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը հնարավորինս շուտ վավերացման ներկայացնել խորհրդարան և աշխատել որքան հնարավոր է շուտ վավերացնելու այս փաստաթուղթը»,- ասել է Ստոլտենբերգը՝ խոստանալով, որ ՆԱՏՕ-ն իր հերթին կստեղծի ահաբեկչության դեմ պայքարի հատուկ մեխանիզմ և հատուկ ներկայացուցչի պաշտոն։
2022 թվականի հունիսին Թուրքիան համաձայնել էր աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում: Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ երկու երկրները խոստացել են չսատարել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG), ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժմանը:
2023 թվականի հունվարի 8-ին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը հայտարարել է, որ Ստոկհոլմը չի կատարի Թուրքիայի բոլոր պահանջները, որոնք նա ներկայացրել է որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի հայտը հավանության արժանացնելու պայման։ Հունվարի 23-ին Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին։ Հունվարի 28-ին Շվեդիան դադարեցրել է Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները։