Սաուդյան Արաբիան համաձայնել է ձեռք բերել թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ որպես Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական պայմանագրի մաս, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ թագավորությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը մասնակցել են թուրքական «Բայքար» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: .
Սաուդյան Արաբիան ձեռք կբերի անօդաչու թռչող սարքեր՝ «թագավորության զինված ուժերի մարտունակությունը բարելավելու և պաշտպանական ու արտադրական կարողությունները ուժեղացնելու համար», – ասել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բեն Սալմանը:
Իր հերթին թուրքական «Բայքար» ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարն ասել է, որ համաձայնագիրը Թուրքիայի պատմության մեջ պաշտպանության և ավիացիայի ոլորտում ամենամեծ արտահանման պայմանագիրն է։ Նրա խոսքով, կողմերը պայմանագիր են կնքել Սաուդյան Արաբիային «Bayraktar Akinci» գրոհային անօդաչու սարքերի մատակարարման համար։ Բայքարը հայտնել է նաև, որ Էր Ռիադի հետ համաձայնագիրը ներառում է համագործակցություն տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ արտադրության ոլորտում։
Նշվում է նաև, որ երկու երկրների պաշտպանության նախարարները Թուրքիայի նախագահի այցի ընթացքում ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության պլան։ Բացի այդ, այցի ընթացքում կողմերը ստորագրել են նաև փոխըմբռնման մի քանի հուշագրեր էներգետիկայի, անշարժ գույքի և ուղղակի ներդրումների ոլորտում։
Թուրքական «Bayraktar Akinci» հեռահար անօդաչու թռչող սարքը Թուրքիայի զինված ուժերում ծառայության է անցել 2021 թվականի օգոստոսին, իսկ այս տեսակի ինքնաթիռների զանգվածային արտադրությունը սկսվել է 2022 թվականից։ Թուրքական «Բայքար» ընկերությունը նաև «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրող է, որոնք սպասարկում են մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի զինված ուժերը։