Ամերիկայի հայկական խորհուրդը ներկայացրել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի օրենսդրական փոփոխությունների նախագծերը՝ համաձայն որոնց կոչ է արվում դադարեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։
Մասնավորապես, առաջարկվել է օրենսդրական փոփոխություն՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին ուշադրություն հրավիրելու մասին։
«Անվտանգության երաշխիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար էական նշանակություն ունեն Հարավային Կովկասում ցանկացած կայուն խաղաղության համար: Առանց արդարության չի կարող լինել խաղաղություն, այդ իսկ պատճառով, ես համոզված եմ, որ մենք պետք է հետամուտ լինենք բոլոր ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննությանը: Ավելին, մենք պետք է ճնշում գործադրենք Ալիևի վարչակարգի վրա՝ կանխելու ապագա պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ մեղավորների նկատմամբ պատժամիջոցների միջոցով»,- նշել է նա:
Համաձայն այս նախաձեռնության՝ կոչ է արվում դադարեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղին անվտանգության երաշխիքներ ապահովել, հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, նաև աջակցում են պատժամիջոցներին՝ որպես հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների մեղսակիցներին պատասխանատվության ենթարկելու գործիք:
Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ ԱՄՆ սենատորն առաջարկում է արգելել Արբեջանին զենքի վաճառքի նոր արտոնագրերի տրամադրումը։
«Այս տարվա սկզբին ես խորը մտահոգություն հայտնեցի, քանի որ Առևտրի նախարարությունը դիտարկում էր Ադրբեջան հրացանների արտահանումը։ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում այս տեսակի արտահանման դիտարկումն անընդունելի է։ Ժամանակն է հանել երկիմաստությունը հավասարումից և հասկանալի դարձնել, որ այս տեսակի արտահանումն անթույլատրելի է, քանի դեռ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը շարունակվում է»,- հավելել է նա։
Մենենդեսի խոսքով՝ այդ նախաձեռնությունն արգելում է Ադրբեջանի կառավարությանը հրազենի կամ այլ հարձակողական անվտանգության կամ ռազմական տեխնիկայի արտահանման ցանկացած նոր լիցենզիա տալը մինչև Ադրբեջանի նախագահի կողմից հաստատվելը, որ Ադրբեջանը դադարեցրել է ուժի հարձակողական կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»: