ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «բարդ փոխզիջումների» գնան խաղաղ համաձայնագրի հասնելու համար։
«Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին։ Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է։ Սակայն մենք միշտ ասել ենք, որ որպեսզի այն հասանելի լինի, երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Միլլերի խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ «խրախուսելու նրանց գնալ այդ բարդ փոխզիջումներին, որպեսզի նրանք կարողանան համաձայնության գալ»։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում, որտեղ հունիսի 27-ին մեկնարկել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հունիսի 27-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ։
Հունիսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն Armenia Today-ին հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում կայացած բանակցությունների շրջանակում երեք առանցքային հարցի շուրջ համաձայնության չեն եկել։ «Այդ առանքային հարցերն են՝ սահմանազատման գործընթաց, որը ենթադրում է 1975 թվականի քարտեզները, զորքերի հետքաշում Հայաստան-Ադրբեջան սահմանից և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին միջազգային գործընթաց»,- մանրամասնել են գերատեսչությունից։