ՄԱԿ-ում Ֆրանսիայի փոխդեսպան Նատալի Էստիվալ-Բրոդհերստը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ կոչ է արել վերացնել Լաչինի միջանցքով օգնություն հասցնելու և տեղաշարժի խոչընդոտները։
«Ֆրանսիան կոչ է անում վերացնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու խոչընդոտները», – ասել է դիվանագետը։
Նա նաև կոչ է արել վերացնել միջանցքով շարժման խոչընդոտները՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարին ընդունված որոշման։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանը ելույթ էր ունեցել Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։ Նա խոսել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին, ինչպես նաև կոչ է արել ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները, որոնք բխում են Արդարադատության միջազգային դատարանի որոշումներից և միջազգային մարդասիրական իրավունքից։