Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին պարգևատրել է «Լեռնային Ղարաբաղում ակնառու ծառայությունների համար», հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Այս մեդալը ստանում եմ այն ընկերների անունից, ովքեր ձեր (Էրդողանի) հրամանով զոհվել են Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում»,- ընդգծել է Ֆիդանը մրցանակաբաշխության ժամանակ։
Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 10-ին հայտարարել է, որ առանց թուրքական անօդաչու թռչող սարքերի 2020 թվականին Ադրբեջանի համար դժվար կլինի վերցնել Լեռնային Ղարաբաղը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ 44 օր տևած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը Արցախը ենթարկել է հրետանային և հրթիռային հարվածների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառման։
2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հայտարարություն են ստորագրել հրադադարի և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց Հադրութը, Շուշին, ինչպես նաև անվտանգության գոտին կազմող 7 շրջաններ։ Շուրջ 2000 ռուս խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա են տեղակայվել արցախյան հակամարտության գոտում, ինչպես նաև դիտակետեր Արցախի և Ադրբեջանի շփման գծում և Հայաստանը Արցախին կապող Լաչինի միջանցքում։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։