Օգոստոսի 10-ին, Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Բոհդան Դրափյատին Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևի քննարկել է Ուկրաինայի հումանիտար ականազերծման հարցը և այդ ուղղությամբ պաշտոնական Բաքվի օգնությունը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանը միանում է այն երկրների շարքին, որոնք ականազերծման ոլորտում ուկրաինացի մասնագետների համար դասընթացներ կանցկացնեն։ Մեր փորձը շատ հետաքրքիր է ձեզ համար: Խոսքը ոչ միայն ազգային կարողությունների, այլեւ միջազգային առաքելությունների մասին է, որոնցում ներգրավված է եղել Ադրբեջանը»,- Մարդալիևի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է Ուկրաինային օգնություն ցուցաբերել չորս հիմնական ուղղություններով։ Խոսքը Ռուսաստանի հետ պատերազմից տուժած ուկրաինացի երեխաների բժշկական և հոգեբանական վերականգնման, ռազմական անձնակազմի վերականգնման, էներգետիկ ոլորտում օգնության և Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման մասին է։
Հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը հայտարարել է Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի նաև մեքենայացված ականազերծման մեքենա։