Օգոստոսի 14-ից Telegram-ն աստիճանաբար ներդնում է Սթորիս գործառույթը բոլոր օգտատերերի համար, նույնիսկ նրանց, ովքեր չունեն պրեմիում բաժանորդագրություն։ Այս մասին Պավել Դուրովը հայտնել է մեսենջերի տարեդարձին նվիրված գրառման մեջ։
«Այսօր բոլոր օգտատերերի համար Սթորիսի աստիճանական ներդրումը նշանավորում է Telegram-ի պատմության նոր փուլի սկիզբը։ Թեև անցած տասնամյակը հուզիչ էր, հաջորդ տասը տարին կլինի այն ժամանակը, երբ Telegram-ը կբացահայտի իր իրական ներուժը»,- ասել է նա։
Դուրովի խոսքով՝ տասը տարվա ընթացքում ծառայությունը ձեռք է բերել ավելի քան 800 միլիոն ակտիվ օգտատեր։ Այժմ նա ցանկանում է, որ Telegram-ը դուրս գա հաղորդագրությունների փոխանակման շրջանակներից և դառնա սոցիալական մեդիայի նորարարության առաջատար:
Telegram-ում Սթորիս գործառույթն ի հայտ եկավ հուլիսի սկզբին: Դրանք կարող էին հրապարակվել միայն պրեմիում բաժանորդագրության սեփականատերերի կողմից: Նոր գործառույթը դեռ հասանելի չէ Telegram ալիքների համար։