ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է Տվերի մարզում ավիավթարի զոհերի ինքնությունը, զոհվածների թվում է նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության համահիմնադիր Եվգենի Պրիգոժինը, հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։
«Տվերի մարզում ինքնաթիռի կործանման հետևանքով բոլոր տասը զոհվածների ինքնությունը համապատասխանում է թռիչքային թերթիկում նշված ցուցակին»,- հայտնել են ՌԴ ՔԿ-ում։
Օգոստոսի 24-ին հայտնի էր դարձել զոհված բոլոր 10 ուղևորների անունները։
Եվգենի Պրիգոժին՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության համահիմնադիր
Եվգենի Մակարյան՝ «Մակար» կանչ. «Վագներ»-ին է միացել 2016 թվականին։ Եղել է Սիրիայում գործող «Վագներ» չորրորդ գրոհային ջոկատի կազմում:
Դմիտրի Ուտկին՝ «Վագներ»-ի համահիմնադիր և Պրիգոժինի աջ ձեռքը «Վագներ» ՄՌԿ-ում, պատասխանատու էր հրամանատարության և մարտական պատրաստության համար: Մինչև 2013 թվականը եղել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության 2-րդ առանձին հատուկ նշանակության բրիգադի 700-րդ առանձին հատուկ նշանակության ջոկատի հրամանատար։ Հրաժարական է տվել փոխգնդապետի կոչումով։ ԶԼՄ-ների տվյալներով ՝ 2014 թվականի մայիսին Դոնի Ռոստովի մերձակայքում կազմակերպել է մարտիկների պատրաստման բազա և դարձել սեփական ստորաբաժանման հրամանատար, որը, ըստ նրա կոչի, ստացել է «Վագներ» ՄՌԿ պայմանական անվանումը։
Սերգեյ Պրոպուստին, ենթասպա՝ «Վագներ»-ին է միացել 2015 թվականին։ Կռվել է երկրորդ հետախուզական-գրոհային ջոկատում։
Ալեքսանդր Տոտմին՝ «Վագներ»-ի մարտիկ: Ըստ ուկրաինական «Миротворец» կայքի ՝ մասնակցել է Սուդանի ռազմական գործողություններին:
Նիկոլայ Մատուսև՝ «Վագներ»-ում եղել է Նիկոլայ Մատուսևիչ անունով զինվորական, որը միացել 2017 թվականի հունվարից։ Ծառայել է Սիրիայի չորրորդ գրոհային ջոկատում որպես հրաձիգ։
Վալերի Չկալով՝ ղեկավարում էր «Վագներ»-ի անվտանգության ծառայությունը:
Ինքնաթիռում եղել են նաև անձնակազմի անդամները՝ Ալեքսեյ Լևշինը (հրամանատար), Ռուստամ Կարիմովը (երկրորդ օդաչու) և Քրիստինա Ռասպոպովան (բորտուղեկցորդուհի):
Օգոստոսի 23-ին ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հետաքննություն էր սկսել Տվերի մարզում տեղի ունեցած Embraer ինքնաթիռի կործանման վերաբերյալ, որի ուղևորների թվում եղել էր նաև Եվգենի Պրիգոժինը։
Հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը կոչ էր արել զինված ապստամբություն սկսել ռուսական ռազմական ղեկավարության դեմ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ, ըստ նրա, ՌԴ ՊՆ-ն հարվածել է «Վագների» ճամբարին, ինչի արդյունքում նրա մարտիկները զոհվել են։
Հունիսի 24-ին ՌԴ ՊՆ-ն հերքել էր վերոնշյալ տեղեկությունը։ ՌԴ ՊՆ-ն խոհեմություն ցուցաբերելու և իշխանություններին դիմելու համար «Վագների» մարտիկներին խոհեմություն ցուցաբերելու կոչ էր արել՝ նշելով, որ նրանց խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ։ «Վագներ» խմբավորման ղեկավարի անունից զինված ապստամբության կոչերով հայտարարությունների առնչությամբ Ռուսաստանում քրգործ էր հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, այն որակել որպես դավաճանություն՝ խոստանալով, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխանատվության կենթարկվեն։
Հունիսի 24-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ «Վագների» ղեկավարն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել խմբավորման տեղաշարժը Ռուսաստանում և թուլացնել լարվածությունը։
Հոկտեմբերի 27-ին Եվգենի Պրիգոժինի նկատմամաբ հարուցված քրեական գործը կարճվել է։