Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում թուրք առաջնորդին ճանապարհել են փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը և այլ պաշտոնյաներ։
Երկրի ղեկավարին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջիրը, պաշտոնատար այլ անձինք։
Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների օրակարգի ամենակարևոր կետը կլինի Սևծովյան հացահատիկային միջանցքի մասին համաձայնագիրը, որից Մոսկվան դուրս էր եկել հուլիսի 17-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը կքննարկեն նաև ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները, թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի, տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը։
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները նախատեսված են Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին։