Սոչիում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, հայտնում է Ria.ru-ն։
Հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ իրենք մեծ ուշադրություն են դարձրել Ուկրաինայում տիրող իրավիճակին և հացահատիկի գործարքի դադարեցմանը: Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ կողմերի միջև:
Պուտինն ընգծել է, որ Սևծովյան նախաձեռնությունից Մոսկվայի դուրս գալը ազդեցություն չի ունեցել համաշխարհային շուկայի վրա, գները նվազում են, պարենի պակաս չկա:
«Այո, բաշխման հետ կապված խնդիրներ կան, բայց դա ոչ մի կերպ կապված չէ, այսպես կոչված, հացահատիկային գործարքի հետ»,-հավելել է Պուտինը։
Էրդողանն իր հերթին նշել է, որ արդարացի է համարում հացահատիկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանի ակնկալիքները: Պուտինն ընդգծել է, որ երբ ռուսական կողմին տրված խոստումները կատարվեն, ՌԴ-ն անմիջապես կվերականգնի այդ համաձայնագիրը։
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Հայտնի էր դարձել, որ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների օրակարգի ամենակարևոր կետը կլինի Սևծովյան հացահատիկային միջանցքի մասին համաձայնագիրը, որից Մոսկվան դուրս էր եկել հուլիսի 17-ին։