Թուրքական Baykar ընկերությունն ակնկալում է 1,5 տարում ավարտել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։ Այս մասին Կիևում ռազմական արդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, փոխանցում է TACC գործակալությունը։
«Շինարարությունն արդեն սկսվել է։ Այն ավարտելու համար կպահանջվի մոտ 1,5 տարի։ Մենք նախատեսում ենք, որ այստեղ կաշխատի առնվազն 300 մարդ»,- ասել է Բայրաքթարը։
Ըստ գլխավոր տնօրենի՝ ընկերությունը մոտ 100 մլն դոլար կներդնի Ուկրաինայում։ Բացի գործարանի կառուցումից, այդ միջոցները կուղղվեն սպասարկման կենտրոնի և ընկերության գլխավոր գրասենյակի սպասարկմանը, պարզաբանել է նա։
2022 թվականի օգոստոսին հայտնի էր դարձել Ուկրաինայում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման մեկնարկի մասին։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտնել էր, որ շինարարությունը կտևի մի քանի ամիս, իսկ մեկնարկը հնարավոր է մինչև 2023 թվականի ավարտ։ Այնուամենայնիվ, նա ավելի ուշ հայտարարել էր, որ Ուկրաինայում մարտական գործողությունները ճշգրտումներ են մտցրել սկզբնական պլանների մեջ: