Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված, ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով արված համատեղ հայտարարության մեջ։ Նախագահ Ֆոն դեր Լայենը տեղեկացրել է նաև Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։
«Մենք կրկին դատապարտեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և վերահաստատեցինք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը և այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը ներառում է 29,800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կմ: Մենք նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանային կապի օղակների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Հայաստանն ու ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և հավատարիմ են կանոնների վրա հիմնված միջազգային կարգին: Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված։ Մենք հանձնառու ենք առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները»,- ասված է հայտարարության մեջ։
ֆոն դեր Լայենը նշել է, որ իրենց անմիջական ուշադրության կենտրոնում է Հայաստան փախած Ղարաբաղի ավելի քան 100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալը և նրանք քննարկել են, թե ինչպես ապահովել ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության և այլ անհապաղ աջակցության առավելագույն արդյունավետությունը, որը կկազմի 10,45 միլիոն եվրո։
Նա նաև հայտարարել է, որ Հանձնաժողովը մոբիլիզացնում է ֆինանսավորում՝ իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո Հայաստանին հատկացնելու համար՝ որպես բյուջետային աջակցություն, ինչև Հայաստանի կառավարությանը թույլ կտա լուծել հրատապ սոցիալ-տնտեսական կարիքները և աջակցել սննդամթերքի և վառելիքի ձեռքբերմանը:
«Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և Ներդրումային Պլանը (EIP) նախատեսում է մինչև 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։ Հանձնաժողովը և Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարևոր ծրագրեր իրականացնելու համար։ Հանձնաժողովը նաև կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է` Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Հանձնաժողովը նաև կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին, մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում»,- ասված է հայտարարության մեջ:
Սևծովյան էլեկտրական մալուխի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել էր Ադրբեջանի, Հունգարիայի, Վրաստանի և Ռումինիայի կողմից 2022 թվականի դեկտեմբերին։ Համաձայնագիրը նախատեսում է Սև ծովով ստորջրյա էլեկտրական մալուխի անցկացում։