Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում:
«Պետք է ուղիղ ասել, որ իհարկե, թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ անցկացնելու հնարավորությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ չի մեկնի Բիշքեկ՝ երկիրը կներկայացնի փոխնախարարը:
Հոկտեմբերի 11-ին Ալիևը հայտարարել էր, որ Մոսկվայի միջնորդությունից Երևանի հրաժարվելու այլընտրանքը կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ բանակցությունները: Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր Բիշքեկում ռուսական միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի Հանրապետության պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։