Այս պահին Իսրայելում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Ըստ առկա տվյալների, հայեր բնակվում են հետևյալ քաղաքաներում՝ Երուսաղեմ, Թել Ավիվ, Խայֆա, Պեթախ Թիկվա, Բաթ Յամ: Այս պահին ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան: Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել: Իսրայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բեն-Գուրիոնի օդանավակայանը շարունակում է գործել, ավիաուղիներն իրականացնում են չվերթներ, իսկ դեսպանությունում իրականացվում է նաև ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում՝ ըստ իրավիճակի զարգացման անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:
Գերտեսչության փոխանցմամբ՝ մինչ օրս արձանագրվել է Թել Ավիվի շրջանում գտնվող Արևելյան միջերկրածովյան միջազգային դպրոցում (The Eastern Mediterranean International School (EMIS)) ուսանող ՀՀ երեք քաղաքացիների ՀՀ վերադառնալու խնդիր, ինչին Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։