ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակի կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Հարավային Կովկասում իրավիճակի դիտարկման համատեքստում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի ռիթմիկ աշխատանքի վերսկսումն է կարևորվել»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել, ժամանակին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։ Իր հերթին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ «3+3» ձևաչափով հանդիպման որևէ պայմանավորվածություն լինելու պարագայում երկրի ԱԳՆ-ն տեղեկություն կտարածի։
«3+3»-ը Հարավային Կովկասում համագործակցության ձևաչափ է։ Ձևաչափը ստեղծելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ձևաչափին մասնակցելուց հրաժարվել է միայն Վրաստանը։ Իսկ տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև այս ձևափափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին։