ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը «ժողովրդավարական արժեքների փլուզում» է անվանել այս կազմակերպության՝ Բաքվի գործողությունները դատապարտող Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը։
«Մենք կտրականապես մերժում ենք մեր երկրի նկատմամբ դրսևորված այս անարդար մոտեցումը և դա ընկալում ենք որպես Եվրոպայի խորհրդի ներսում ժողովրդավարական արժեքների փլուզման վառ օրինակ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասվում է պատվիրակության հայտարարության մեջ։
ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել էր բանաձև, որը դատապարտում է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և արձանագրում, որ տարածաշրջանի գրեթե ողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի և Բաքվի հայատյաց քաղաքականության պատճառով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։