Իսպանիայում հասունանում է համազգային սկանդալ, որում ներգրավված են երկրի հետախուզական ծառայությունները, որոնք օգտագործել են իսրայելական Pegasus լրտեսող ծրագրերը կատալոնացի ազգայնականների, այդ թվում՝ տարածաշրջանային կառավարության անդամների նկատմամբ, հայտնում է «Կոմմերսանտ»-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:
Նոր զոհն Ազգային հետախուզական կենտրոնի նախկին ղեկավար Պաս Էստեբանն է։ Նա անցյալ տարի կորցրել է իր պաշտոնը, իսկ այժմ դատարանում կհարցաքննվի որպես կասկածյալ։
Բարսելոնայի արդարադատության դատարանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Պերե Արագոնեսի բողոքը՝ Իսպանիայի իշխանությունների կողմից իրեն ենթադրաբար հետևելու մասին, հայտնում է EFE-ն։
Արագոնեսը դատի է տվել Էստեբանին և Pegasus լրտեսող ծրագրերն արտադրող իսրայելական NSO ընկերությանը 2022 թվականի հունիսին այն բանից հետո, երբ Citizen Lab-ը հրապարակել էր զեկույց, որում ասվում էր, որ Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գաղտնալսման թիրախ են դարձել: Զոհերի թվում են եղել ոչ միայն Պերե Արագոնեսը, որը գլխավորում է Կատալոնիան 2021 թվականից, այլև տարածաշրջանի նախկին ղեկավարները։ Միևնույն ժամանակ, զեկույցում ասվում էր, որ այդ գործին մասնակցել է Իսպանիայի կառավարությունը, մասնավորապես՝ Ազգային հետախուզական կենտրոնը, որը ղեկավարում էր Պաս Էստեբանը։
Իսպանական իշխանությունները հերքել են մեղադրանքները, իսկ CNI-ն հայտարարել է, որ իր բոլոր գործողությունները, ներառյալ մարդկանց հետևելը, բացարձակապես օրինական են և արտոնված են Գերագույն դատարանի կողմից: