X-ում (նախկին Twitter) ավելի քան 360,000 հետևորդ ունեցող Հարիմ Շահ անունով օգտատերը հրապարակել է Արցախի քաղաքական գործիչների՝ Բաքվում ապօրինի ձերբակալության կադրերը և ներկայացրել դրանք որպես ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելացի բարձրաստիճան գեներալների գերեվարման տեսարաններ, գրում է փաստերի ստուգման FIP հարթակը։
«Մի քանի բարձրաստիճան իսրայելացի զինվորականներ ձերբակալվել են ՀԱՄԱՍ-ի (զինյալ կազմակերպություն Պաղեստինում,-խմբ․) կողմից»,- գրել է օգտատերը։
Նշվում է, որ այդ պնդումով տեսանյութը հայտնվել է նաև իրանական IRINN հեռուստաալիքնի եթերում՝ մեկնաբանը կալանավորվող արցախցի գործիչներին ներկայացրել է որպես ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելացի գեներալներ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչները՝ 1000, վիրավորվել են մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ։ Հաղորդվում է տասնյակ զոհված և անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների մասին։