Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։ Նախարարությունը հայտնել էր նաև, որ հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումն անվանել էր «սարսափելի հանցագործություն» և կոչ արել «մեղավորներին պատասխանատվության ենթարկել»։
Իր հերթին Սիրիան Գազայի հիվանդանոցի վրա հարձակման մեջ մեղադրել էր Արևմուտքին՝ որպես Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ կատարած հանցագործությունների մեղսակից։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը՝ 1000-ը։ Վիրավորվել են մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ, հաղորդվում է նաև տասնյակ զոհված և անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների մասին։