Իսրայելը չի ռմբակոծել Գազայի հիվանդանոցը, դա ահաբեկիչների ձեռքի գործն է, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ամբողջ աշխարհը պետք է իմանա. Գազայի հիվանդանոցի վրա հարձակվել են բարբարոս ահաբեկիչները, ոչ թե Իսրայելի պաշտպանության ուժերը: Նրանք, ովքեր դաժանաբար սպանել են մեր երեխաներին, սպանում են նաև իրենց երեխաներին»,- գրել է Նեթանյահուն X (նախկինում Twitter) սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
Իր հերթին «The Guardian»-ը տեսնայութ է հրապարակել՝ հայտնելով, որ Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ավերված հիվանդանոցի փլատակների տակ կանանց ու երեխաներին փնտրող փրկարարների ուղղությամբ։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել՝ նշելով նաև, որ հարձակման հետևանքով բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են։ Ավելի ուշ «Al Arabiya» հեռուստաալիքը հայտնել էր, որ հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը՝ 1000-ը։ Վիրավորվել են մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ, հաղորդվում է նաև տասնյակ զոհված և անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների մասին։