Վաշինգտոնում ի պաշտպանություն Պաղեստինի ցույց է անցկացվել, որին մասնակցել է 10 հազար մարդ, X սոցցանցում (նախկին Twitter), հայտնել է Jewish Voice for Peace հասարակական կազմակերպությունը։
«Այսօր 10 հազարը հրեա դուրս է եկել փողոց՝ աջակցելու և պահանջելու դադարեցնել կրակը, դադարեցնել պաղեստինցիների ցեղասպանությունը։ Մենք շրջափակել ենք Կոնգրեսը, որպեսզի բոլորի ուշադրությունը հրավիրենք Իսրայելի կողմից պաղեստինցիների շարունակական ճնշմանը՝ ԱՄՆ-ի մեղսակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաղեստինին աջակցող ցույցը տեղի է ունեցել Վաշինգտոնի Կապիտոլիումի բլրի վրա: ԱՄՆ Կոնգրեսի մոտ հավաքվածները, առաջին հերթին, Գազայի հատվածում հրադադար են պահանջել։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը՝ 1000-ը։ Վիրավորվել են մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ, հաղորդվում է նաև տասնյակ զոհված և անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների մասին։