Համաս շարժման հիմնադիրներից մեկը՝ Հասան Յուսեֆը, ձերբակալվել է իսրայելցի զինվորականների կողմից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության ներկայացուցիչներին։
Ձերբակալությունը, ինչպես նշում են, կատարվել է անցած հինգշաբթի՝ Հորդանան գետի արևմտյան ափին իրականացված ռեյդերի ժամանակ։ Նրան կասկածում են ՀԱՄԱՍ-ի անունից որոշակի գործողություններ իրականացնելու մեջ։ Թե որքան ժամանակ Յուսեֆը կարող է մնալ բանտում, չի մանրամասնվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ Յուսեֆի հետ ձերբակալվել են ևս 59 պաղեստինցիներ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը՝ 1000-ը։ Վիրավորվել են մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ, հաղորդվում է նաև տասնյակ զոհված և անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների մասին։