Վրաստանը չի մասնակցի վաղը Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպմանը, գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Վրաստանի արտգործնախարարությանը։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Վրաստանը երբեք չի մասնակցել նման ձևաչափով հանդիպումներին։ Վրաստանի իշխանություններն այս դիրքորոշումը բացատրում են նրանով, որ չեն կարող մասնակցել որևէ ձևաչափով հանդիպման, որտեղ մասնակցում է Ռուսաստանը, քանի դեռ ՌԴ զորքերը դուրս չեն բերվել Աբխազիայից և Հարավային Օսիայից։
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թեհրանում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով «3+3» ձևաչափով բանակցություններ են տեղի ունենալու։ Հայտնել էին, որ այս անգամ ևս Վրաստանը չի մասնակցի հանդիպմանը։
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել էր, որ հայկական կողմն Իրանում նախարարների մակարդակով «3+3» ձևաչափով հանդիպման մասնակցելու հրավեր է ստացել։
Հոկտեմբերի 13-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպման ժամանակ կարևորել էին Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակի կանոնավոր աշխատանքը:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել, ժամանակին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։
«3+3»-ը Հարավային Կովկասում համագործակցության ձևաչափ է։ Ձևաչափը ստեղծելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ձևաչափին մասնակցելուց հրաժարվել է միայն Վրաստանը։ Իսկ տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև այս ձևափափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին։