Անցած 18 օրերի ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 2360 երեխա, 5364-ը վիրավորվել են, օրական սպանվում կամ վիրավորվում է ավելի քան 400 երեխա, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել և մշտական մարդասիրական օգնություն հասցնել: Բացի այդ, հաղորդվում է, որ ավելի քան 30 իսրայելցի երեխաներ մահացել են, իսկ տասնյակները գերության մեջ են Գազայի հատվածում:
Կազմակերպությունն ահազանգում է, որ Գազայի հատվածի գրեթե յուրաքանչյուր երեխա ենթարկվել է հոգեբանական տրավմայի, որոնք ուղեկցվել են համատարած ավերածություններով, անողոք հարձակումներով, տեղահանմամբ և հիմնական կարիքների՝ սննդի, ջրի, դեղորայքի սղությամբ:
«Երեխաների սպանությունն ու հաշմանդամությունը, երեխաների առևանգումը, հարձակումները հիվանդանոցների և դպրոցների վրա, ինչպես նաև մարդասիրական օգնության արգելակումը երեխաների իրավունքների կոպիտ խախտում են», – ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Ադել Խոդրը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ համաձայնել հրադադարի, թույլատրել մարդասիրական օգնության մուտքը և ազատ արձակել բոլոր պատանդներին:
«Իրավիճակը Գազայի հատվածում բիծ է մեր հավաքական խղճի վրա: Երեխաների մահացության և վիրավորումների քանակն ուղղակի ապշեցուցիչ է»,- ասել է Խոդրը: Նրա խոսքով՝ ավելի սարսափելի է այն փաստը, որ եթե լարվածությունը չթուլանա և մարդասիրական օգնություն չթույլատրվի, զոհերի թիվը կշարունակի աճել:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիշեցնում է, որ վառելիքն առաջնահերթ նշանակություն ունի այնպիսի հիմնական օբյեկտների շահագործման համար, ինչպիսիք են հիվանդանոցները, աղազերծման կայանները և ջրի պոմպակայանները: Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կան ավելի քան 100 նորածիններ, որոնցից մի քանիսը գտնվում են ինկուբատորներում և կախված են մեխանիկական օդափոխությունից, ինչը կյանքի և մահվան խնդիր է դարձնում անխափան էլեկտրամատակարարումը:
Գազայի հատվածի ողջ բնակչությունը, որը կազմում է մոտ 2,3 միլիոն մարդ, բախվում է ջրի բացակայությանը, ինչը ծանր հետևանքներ է թողնում երեխաների՝ բնակչության մոտավորապես 50 տոկոսի համար: Խնդիրն ավելի է բարդանում, քանի որ Գազայի կոյուղաջրերի մաքրման հինգ կայանները վառելիքի պակասի պատճառով դադարեցրել են իրենց գործունեությունը, ինչը հանգեցրել է ավելի քան 120,000 խորանարդ մետր կոյուղաջրերի արտանետմանը ծով:
Գազայի հատվածում երեխաների համար ստեղծված ծանր իրավիճակին արձագանքելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում անհապաղ մարդասիրական զինադադար կնքել, Գազա մուտքի բոլոր ճանապարհները բացել մարդասիրական օգնության համար, հրատապ բժշկական դեպքերին թույլ տալ հեռանալ կամ ստանալ առողջապահական օգնություն, չթիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան հազարավոր զոհեր և վիրավորներ։