Թուրքական Կարմիր մահիկը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում իր ներկայացուցիչների կյանքին սպառնացող վտանգների վերաբերյալ, հայտնում է Անադոլու գործակալությունը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ չենք կարող կապ հաստատել Գազայում գործող մեր թիմի հետ: Ոչ մի կապի միջոց չի աշխատում, և մենք խորապես անհանգստացած ենք բոլոր հումանիտար աշխատողների վիճակով»,- ասված է հաղորդագրությունում։
Կարմիր մահիկի հայտարարության մեջ նշվում է, որ մարդասիրական աշխատողները, բուժաշխատողները և քաղաքացիական անձինք չպետք է թիրախ լինեն և Գազայի հատվածում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «հրատապ և մշտական մարդասիրական հրադադարի» կոչը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ։
Հոկտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևում 120 երկրներ կոչ են արել անհապաղ, մշտական և տևական մարդասիրական զինադադար հաստատել Գազայում: Բանաձևին դեմ են արտահայտվել 14 երկրներ, այդ թվում՝ Իսրայելը և ԱՄՆ-ն: Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։