ԱՄՆ-ում Հելոուինին նվիրված երեկույթների ժամանակ հրազենային կրակոցների հետևանքով կա 10 զոհ և 40-ից ավելի վիրավոր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հելլոուինը նշվում է հոկտեմբերի 31-ին, սակայն քանի որ այս տարի այդ օրը աշխատանքային օր էր, ամերիկյան շատ քաղաքներում տոնակատարություներն անց են կացվել հոկտեմբերի 28-ի գիշերը։
Միջադեպերը գրանցվել են մի քանի քաղաքաներում։ Ֆլորիդայի Տամպա քաղաքում զանգվածային ծեծկռտուքի արդյունքում, որը վերածվել է փոխհրաձգության, մահացել է 2 մարդ և 18-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում երիտասարդական երեկույթի ժամանակ, որտեղ ներկա էին 100-ից ավել մարդ, կրակոցների արդյունքում մահացել է մեկ մարդ, ևս 8-ը ստացել են հրազենային վնասվածք։ Բոլոր տուժածների տարիքը տատանվում է 16-ից 22-ի սահմաններում։ Օրինապահ մարմինները ձերբակալել են հրազենով մի քանի անձանց։
Բացի այդ կրակոցներ են եղել նաև Իլլինոյսի Չիկագո քաղաքում, որտեղ անհայտ անձը կրակ է բացել տոնը նշողների վրա, որի արդյունքում 15 մարդ հոսպիտալացվել է։