Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խզում է կապը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով, հայտնում է AL Arabia-ն։
«Նեթանյահուն այլևս մեկը չէ, ում հետ մենք կարող ենք խոսել։ Մենք նրան դուրս ենք գրել»,- Էրդողանի խոսքը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել էր, որ «վերագնահատում է» իր հարաբերությունները Անկարայի հետ՝ Իսրայել-Համաս պատերազմի վերաբերյալ Թուրքիայի ավելի բուռն հռետորաբանության պատճառով:
Մեկ այլ հաղորդագրությամբ նշվում է, որ Թուրքիան հետ է կանչել Թել Ավիվում Անկարայի դեսպան Շաքիր Թորունլարին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների համար։
«Որոշում է կայացվել Թել Ավիվում մեր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին հետ կանչել Անկարա խորհրդակցությունների համար՝ կապված Գազայի հատվածում Իրանի շարունակվող պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական աղետի, հրադադարի կոչերին արձագանքելուց և մարդասիրական օգնության մշտական մատակարարումների ապահովումից հրաժարվելու հետ»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։