Հանրայի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Երուսաղեմի հայ համայնքի անդամ, ակտիվիստ Յակոբ Ճռնազեանը հայտնել է, որ տեղի հայկական թաղամասի պահպանման համար ընթանում է դատական պայքար։ Նշենք, որ Երուսաղեմում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ամենաթեժ կետում գտնվող «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքը (ներառում է Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մոտ 25 տոկոսը) 99 տարով վարձակալության է տրվել իսրայելական «Xana Gardens Ltd» ընկերությանը։
«Պատրիարքության և համայնքի հայ և տեղացի իրավաբանները միասնաբար աշխատում են որպեսզի ցանկացած եղանակով այս պայմանագիրն (վարձակալության) ամբողջությամբ չեղարկեն»,- ասել է նա։
Ճռնազեանը նշել է, որ փաստի առնչությամբ կարող են դիմել նաև ՄԻԵԴ։
«Ապագայում կարող ենք նաև Միջազգային դատարան դիմել, եթե չհաջողվեն մեր տեղական դատական գործողությունները, բայց մենք ունենք լուրջ փաստեր և մեծ կամք՝ այս պայմանագիրն ամբողջությամբ չեղարկելու համար»,- ասել է նա։
Յակոբ Ճռնազեանի խոսքով՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպից (իսրայելցի ծայրահեղականները փորձել էին հայերին դուրս մղել կալվածքի տարածքից) հետո Երուսաղեմի հայ համայնքի անդամները շարունակում են գտնվել «Կովերի պարտեզ»-ի տարածքում:
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմը սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել: