Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկը, կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է համաձայնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին։ Այս մասին նա ասել է գիտնական և բլոգեր Լեքս Ֆրիդմանի հետ հաղորդման ժամանակ։
Մասկը դրական է արձագանքել այն հարցին, թե արդյոք Զելենսկին պետք է ուղիղ բանակցություններ վարի ՌԴ նախագահ Պուտինի հետ։ «Ես նրան խորհուրդ եմ տալիս չուղարկել ուկրաինացի լավագույն երիտասարդներին խրամատներում զոհվելու: Դա անելու կարիք չկա՝ անկախ նրանից՝ նա երկխոսում է Պուտինի հետ, թե ոչ»,- հավելել է ձեռնարկատերը։
Իլոն Մասկը 2022 թվականի աշնանն առաջարկել էր խաղաղության ծրագիր, որը պարունակում էր կետեր Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք ճանաչելու, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՄԱԿ-ի հովանու ներքո Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում կրկնակի հանրաքվեների անցկացման վերաբերյալ։ Կիևը քննադատել էր միլիարդատիրոջ առաջարկները։