Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա, ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի ներքին և արտաքին ապակայունացման ցանկացած փորձի դեպքում։ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա։ Մենք կոչ ենք անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները խորհրդի նախագահի կատարած աշխատանքի վերաբերյալ։ Մեզ անհրաժեշտ է, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր լինի կնքել, և մենք պարտավոր ենք շարունակել մեր միջնորդական դերը։ Մենք որոշեցինք հրավիրել Հայաստանի արտգործնախարարին՝ հաջորդին (արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ նիստին) միանալու մեզ»,- նշել է նա:
Բորելը հայտնել է նաև, որ ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանին հնարավոր աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակները։
Նոյեմբերի 10-ին հայտնել էինք, որ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունները հնարավոր է տեղի ունենան դեկտեմբերին։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր Բրյուսել հանդիպման մինչև հոկտեմբերի վերջ։
Հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը բրյուսելյան հանդիպմանը։