Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ տեղի ոստիկանությունը հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել է ազատել «Կովերի պարտեզ» կալվածքը։
«Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այս օրերուն կը գտնուի իր 16-դարեայ պատմութեան ամենամեծ գոյաբանական սպառնալիքի տակ: Գոյութենական-տարածքային այս վտանգը ամբողջութեամբ կը տարածուի նաեւ Երուսաղէմի բոլոր Քրիստոնէական համայնքներու վրայ: Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը վերջերս չեղարկած է «Կովերու պարտէզի» խաբեբայութիւններով շաղախուած պայմանագիրը: Կառուցապատողները փոխանակ չեղարկման նամակին օրինական պատասխան տալու, ամբողջութեամբ անտեսած են Պատրիարքարանի իրաւական դիրքորոշումը այս հարցի վերաբերեալ՝ ընտրելով սադրանք, յարձակում, հալածանք, մինչեւ իսկ ոչնչացում հրահրող մարտավարութիւն՝ «Կովերու պարտէզ» բերելով զինուած վարձու սադրիչների»,- գրել է նա:
Գոգչյանի փոխանցմամբ՝ վերջին օրերին Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց Երուսաղեմի քաղաքապետարանի, կառուցապատողի և ոստիկանության թույլտվության և չնայած այդ հանգամանքին՝ ոստիկանությունը վերջին մի քանի օրերին հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել է ազատել տարածքը։
«Մենք կոչ կ’ընենք Երուսաղէմի բոլոր Քրիստոնեայ համայնքներուն այս աննախադէպ ժամանակներուն նեցուկ ըլլալ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան, քանի որ ասիկա եւս մէկ յստակ քայլ մըն է, ձեռնարկուած Երուսաղէմի եւ Սուրբ Երկրի մէջ Քրիստոնեաներու ներկայութիւնը վտանգելու ուղղութեամբ»,- գրել է նա:
Նոյեմբերի 8-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Յակոբ Ճռնազեանը հայտնել էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման համար դատական պայքար է ընթանում, կարող են դիմել նաև ՄԻԵԴ։
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմն սկսել էր կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ճռնազեանը 2023 թվականի հունիսի 21-ին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին շքեղության զարգացման համար» փոխանցելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը, ըստ հրապարակման, ընդունել էր, որ հողի վարձակալության պայմանագիր է կնքել, սակայն ասել էր, որ դարձել է իր ենթակայի՝ տեղի հայկական եկեղեցու քահանա Խաչիկ Երիցյանի խաբեության զոհը, ով ավելի ուշ հեռացվել էր: