Գազայում հրադադարն ավարտվել է, Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է ռազմական գործողությունների վերսկսման մասին, հայտնում է BBC-ին։
Սոցցանցերում կարճ հայտարարության մեջ ՑԱԽԱԼ-ը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է մարտերում «օպերատիվ դադարի» պայմանները խախտելու և իսրայելական տարածքը գնդակոծելու մեջ:
«Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ»,-ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելական բանակը սոցցանցերում հայտարարել է նաև, որ իր ինքնաթիռները Գազայում կրկին հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ-ին:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել էին, որ նոյեմբերի 24-ից պատանդներին և բանտարկյալներին ազատելու համար զինադադար է լինելու։ Այնուհետև հրադադարը երկարացվել է երկու անգամ՝ երկու և մեկ օրով։