Գազայի հատվածում առնվազն 61 լրագրող է զոհվել (54 պաղեստինցի, 4 իսրայելցի և 3 լիբանանցի) հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինա-իսրայելական հակամարտությունների սրման հետևանքով, հայտնել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն։
«Դեկտեմբերի 1-ի դրությամբ կոմիտեի հետաքննությունը պարզել է, որ հոկտեմբերի 7-ից հակամարտությունը սկսվելուց ի վեր ավելի քան 16000 սպանվածների թվում են առնվազն 61 լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ», – ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ լրագրողներն իրենց աշխատանքում բախվում են նաև հետապնդումների, կալանավորման և այլ խոչընդոտների։
«Իսրայելական ուժերը լրատվական գործակալություններին ասել են, որ չեն կարող երաշխավորել Գազայի հատվածում աշխատող լրագրողների անվտանգությունը, որտեղ ռազմական գործողությունները վերսկսվել են յոթօրյա հրադադարից հետո», – ասվում է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։Հակամարտության սրման պահից ի վեր զոհվել է 16000 մարդ. մոտ 14800 պաղեստինցի սպանվել է Գազայում և Արևմտյան ափին, իսկ 1200-ը՝ Իսրայելում: