Ամերիկյան Time ամսագրի վարկածով Վլադիմիր Պուտինն ընդգրկվել է «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցուցակում։ «Տարվա մարդ» կոչմանն, ընդհանուր առմամբ, հավակնում է ինը թեկնածու:
Պուտինի մասին ասվում է, որ 2023 թվականին «Վագներ» խմբի ապստամբության պատճառով նա վտանգի առաջ էր կանգնել, բայց, ի վերջո, նա միայն ամրապնդել է իր դիրքերը։ Time-ը ՌԴ նախագահին ճանաչել էր «Տարվա մարդ» 2007 թվականին և բազմիցս ընդգրկել հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։
Ի թիվս այլոց, ցուցակում ընդգրկված են նաև հոլիվուդյան նշանավոր սցենարիստներ և դերասաններ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն «աննախադեպ» երրորդ ժամկետով, երգչուհի Թեյլոր Սվիֆթը՝ ռեկորդային եկամուտով, Սեմ Ալթմանը, ով կարճ ժամանակով հեռացել և արագ վերադարձել էր OpenAI-ի ղեկավարի պաշտոնին՝ ChatGPT արհեստական ինտելեկտի մշակողն է, ամերիկացի դատախազները, որոնք հետապնդում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, Բարբի տիկնիկը, որի մասին ռեկորդային եկամուտով ֆիլմ է նկարահանվել, Մեծ Բրիտանիայի կառավարող միապետ Չարլզ III-ը և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը, ով պայքարում է աննախադեպ գնաճի դեմ:
2022 թվականին Time-ը տարվա մարդ էր ճանաչել Վլադիմիր Զելենսկուն և «Ուկրաինայի ոգուն»։ Այս տարի երկուսն էլ բացակայում են թեկնածուների ցուցակից։ Ամսագիրը հաղթողին կներկայացնի դեկտեմբերի 6-ին։
Տարվա մարդ ընտրելու ավանդույթը (անձը, խումբը կամ երևույթը, որն ամենամեծ ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա նախորդ 12 ամիսների ընթացքում) սկիզբ է առել 1927 թվականին։