Եվրամիությունը որոշել է մեծացնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում, հայտարարել է դաշինքի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո։
«Խորհուրդը որոշել է ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով մեր ներկայությունը տեղում՝ 138 անձնակազմից հասցնելով 209-ի: Սա առաքելության ծավալի կարևոր աճ է»,- ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ դա «Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց է»։ Բորելը նշել է, որ ԵՄ առաքելության ծավալների մեծացումը ցույց է տալիս դաշինքի նվիրվածությունը երկու երկրների միջև սահմանային կայունությանը և «կարևոր ներդրում է խաղաղության ջանքերում»:
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա։ Սա հնարավորություն է, և մենք հանձնառու ենք շարունակել աջակցել այդ ջանքերին՝ աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)՝ Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։ Առաքելության անձնակազմը կազմում էր մոտ 100 մարդ, այդ թվում՝ 50 անզեն դիտորդներ։ Առաքելության շտաբը գտնվում է Եղեգնաձորում և ունի վեց օպերատիվ բազա և փոքր կապի գրասենյակ Երևանում: