ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելությունն ընդլայնելու Եվրամիության որոշումը։
«Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումը բացարձակապես անօգուտ կլինի և որևէ արդյունք չի տա ադրբեջանա-հայկական կարգավորմանը, որի հիմնարար սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարների կողմից և ամրագրված են մի քանի եռակողմ համատեղ հայտարարություններում»,- ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ առաքելության հենց Հայաստանում հայտնվելը «միանգամայն անօգուտ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսանկյունից»։ «Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկասում, այն միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն է մտցնում»,- հավելել է Գալուզինը` ընդգծելով, որ ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն:
Դիվանագետը նաև ասել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել ադրբեջանա-հայկական կարգավորման բանակցությունները։
«Մոսկվայի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններ վարելու մեր առաջարկները բաց են Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար։ Մենք իսկապես հուսով ենք, որ Երևանն ու Բաքուն կհիշեն և կհասկանան դա»,- փոխնախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Հարցին, թե ներկայումս դիվանագիտական ուղիներով մշակվո՞ւմ է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, դիվանագետն ասել է. «Մենք միշտ պատրաստ ենք նման աշխատանքի»։ Միաժամանակ Գալուզինը ձեռնպահ մնաց Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման հեռանկարները մեկնաբանելուց։ «Որպես դիվանագետ, ես դեռ կնախընտրեի ձեռնպահ մնալ կանխատեսումներ անելուց»,- հարցին պատասխանել է փոխնախարարը։