Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Անկարան ավարտել են տեխնիկական բանակցությունները Անկարային ամերիկյան F-16 կործանիչներ վաճառելու և գոյություն ունեցող ինքնաթիռների արդիականացման շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք վերահսկում ենք 40 միավոր F-16 Block 70 ինքնաթիռների գնման գործընթացի առաջընթացը և ԱՄՆ-ից 79 [F-16] արդիականացման հավաքածուների ստացումը։ ԱՄՆ-ի հետ մեր տեխնիկական հանդիպումներն ավարտված են։ Մենք [ԱՄՆ-ում] մեր զրուցակիցներին ասում ենք, որ ակնկալում ենք դրական և կոնկրետ քայլեր այս հարցում և հուսով ենք, որ գործընթացը կսկսվի որքան հնարավոր է շուտ»,- նախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը հեռախոսազրույցում իրեն վստահեցրել է, որ դրական է վերաբերվում Անկարային F-16 կործանիչների վաճառքին և «պատրաստ է համապատասխան առաջարկ ներկայացնել Կոնգրեսին»։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին խնդրանքով՝ գնել ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնել այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռներ, որոնք արդեն ծառայության մեջ են երկրի ռազմաօդային ուժերում։