Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը հաստատել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վավերացման արձանագրությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։
Այնուհետ փաստաթուղթը քվեարկության կդրվի խորհրդարանի ամբողջական կազմի կողմից: Գործակալությունը, հղում անելով թուրքական քաղաքական շրջանակներում իր աղբյուրին, հայտնում է, որ դեռ հայտնի չէ՝ քվեարկությունը կկայանա այս տարի՞, թե՞ արդեն հունվարին։ Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է ձմեռային արձակուրդ գնալ։
Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վավերացման գործընթացն սկսվել է հոկտեմբերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիայի դիմումի հաստատումը կապում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Անկարային F-16 կործանիչներ վաճառելու մասին որոշման ընդունման հետ։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ խնդրանքով գնել ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնել այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռներ, որոնք արդեն ծառայության մեջ են երկրի ռազմաօդային ուժերում։