Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ ավարտին հասցնելու երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի շփումները։ «Սա նաև հնարավորություն է աջակցելու երկու պետությունների ղեկավարների միջև հաղորդակցությանը, որոնք դեռ պետք է ավարտեն աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ: Եվ սա շատ կարևոր է։ Երկու կողմերն էլ վերջերս մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ ավարտին հասցնելու աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել նրանց և ողջունել դա։ Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվան չի պարտադրում իր միջնորդությունը։ «Բայց, իհարկե, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու գործընկերները, դաշնակիցները՝ ոչ միայն ԱՊՀ շրջանակներում, այլ նաև մեր զարգացած երկկողմ հարաբերությունների առումով, հնարավորինս արագ կնքեն այս համաձայնագիրը։ Եվ դա կապահովի խաղաղության, կայունության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ինչը կարևոր է մեզ համար»,- ասել է ՌԴ նախագահի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում քննարկել էին Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգի հարցերը։