Ֆրանսիայի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել երկրում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս միջոցառումն ընդունվել է ի պատասխան Բաքվի՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա հայտարարելու որոշմանը։ Փարիզը կտրականապես հերքել է Բաքվի կողմից իր որոշումը հիմնավորելու մեղադրանքները։
«Ֆրանսիան, որպես պատասխան միջոց, պերսոնա նոն գրատա է հայտարարել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի»,- ասվում է զեկույցում։ Նշվում է, որ Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ և տեղեկացվել այդ մասին։
Ավելի վաղ Ադրբեջանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի։ Նրանց հրամայվել էր լքել երկիրը 48 ժամվա ընթացքում «դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի և 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող իրենց գործունեության պատճառով»։
Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի քաղաքական առաջնորդներին մեղադրել էր Արցախի հարցում «ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը»: Դեկտեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և մի շարք այլ ֆրանսիացի քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) անցկացմանը։ Ավելի ուշ Ֆրանսիայի Էվիան քաղաքի քաղաքապետարանը որոշել էր հեռացնել քաղաքի բոլոր գրությունները, որտեղ նշվում է «Ադրբեջանական այգին»։