Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին մարտնչող ծայրահեղականների կողմից բազմաթիվ հարձակումներից հետո: Այդ մասին ասվում է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում:
Նշվում է, որ Իսրայելի իշխանությունները պատասխանատու են նման բռնությունները կանխելու, ինչպես նաև ստատուս քվոյի ցանկացած փոփոխության համար:
«Ֆրանսիան վերահաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքի հետ և շարունակելու է ամենայն ուշադրությամբ հետևել իրավիճակին»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ Երուսաղեմի hայոց պատրիարքությունը հայտնել էր, որ մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել են Երուսաղեմի հայկական համայնքի վրա։ Ավելի ուշ հրապարակվել էին Երուսաղեմում ձերբակալված հայերի անունները։
Նոյեմբերի 8-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Յակոբ Ճռնազեանը հայտնել էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման համար դատական պայքար է ընթանում, կարող են դիմել նաև ՄԻԵԴ։
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմը սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ճռնազեանը 2023 թվականի հունիսի 21-ին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին շքեղության զարգացման համար» փոխանցելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը, ըստ հրապարակման, ընդունել էր, որ հողի վարձակալության պայմանագիր է կնքել, սակայն ասել էր, որ դարձել է իր ենթակայի՝ տեղի հայկական եկեղեցու քահանա Խաչիկ Երիցյանի խաբեության զոհը, ով ավելի ուշ հեռացվել էր: