Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է երկրի պաշտոնաթող ղեկավարի անձեռնմխելիության երաշխիքների մասին օրենքում փոփոխությունները, հաղորդում է РБК-ն։ Փաստաթուղթը պաշտոնաթող նախագահին և նրա ընտանիքին անձեռնմխելիություն է տալիս իր կառավարման ընթացքում կատարված ցանկացած հանցագործության համար։ Սահմանվում է ազատազրկման արգելք, իսկ նախկին նախագահը պահպանում է ցմահ պետական պաշտպանության իրավունքը։ Պահպանվում է նաև նրա ունեցվածքի, գրագրության անձեռնմխելիությունը:
Փաստաթուղթը չի հրապարակվել նախագահի կայքում և հանրապետության իրավական տեղեկատվական պորտալում, սակայն պահպանվել է վեբ-արխիվում: Բայց փաստաթղթի ստորագրման մասին լուրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ Օրենքի նոր տարբերակում ասվում է, որ նախագահը, ով դադարել է կատարել իր պարտականությունները, դառնում է Համաբելառուսական ժողովրդական ժողովի պատվիրակ և հանրապետության խորհրդի ցմահ անդամ։
Փոփոխությունների համաձայն՝ իր հրաժարականից հետո Բելառուսի նախագահը որպես մշտական բնակության նվեր կստանա պետական անշարժ գույք։ Թարմացված օրենքը նաև հստակեցնում է, որ նախագահի հուղարկավորության և հիշատակի հավերժացման ծախսերը պետք է հոգա դաշնային բյուջեն։
Ավելի վաղ Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ Բելառուսում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 20-ը։ 2024 թվականի փետրվարին տեղի կունենան երկրի խորհրդարանի և պատգամավորների տեղական խորհուրդների ընտրություններ։