Հոլիվուդյան դերասան Քրիստիան Օլիվերը և նրա երկու դուստրերը՝ Մադիտան և Աննիկը, մահացել են Կարիբյան ծովի կղզիների մոտ տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտնում է Daily Mail-ը։
Դերասանը 51 տարեկան էր, դուստրերը՝ 12 և 10 տարեկան։ Նրանց հետ միասին մահացել է նաև օդաչուն։
«Փոքրիկ միաշարժիչ ինքնաթիռը պատկանում և ղեկավարվում էր Բեկիայից Ռոբերտ Սաքսը, վթարի է ենթարկվել Փոքր Նևիսից մեկ ծովային մղոն դեպի արևմուտք: Ինքնաթիռում երեք ուղևոր է եղել՝ 51-ամյա Քրիստիան Կլեպսերը (վեմական ազգանունը՝ Օլիվեր) Ամերիկայի Միացյալ Նահանգներից և նրա երկու դուստրերը՝ Մադիտա Կլեպսերը և Աննիկ Կլեպսերը, որոնք համապատասխանաբար 10 և 12 տարեկան էին»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ինքնաթիռը շարժվում էր դեպի Սենթ Լուչիա, սակայն թռիչքից վայրկյաններ անց դժվարությունների է հանդիպել և ընկել օվկիանոսը։ Ձկնորսներն ու սուզորդները դեպքի վայր են մեկնել իրենց նավակներով, իսկ զոհերի մարմիններն ավելի ուշ հայտնաբերել է Սուրբ Վինսենթի և Գրենադինների առափնյա պահպանությունը:
Դերասանի ներկայացուցիչները հաստատել են Օլիվերի մահը CBS News-ին տված մեկնաբանությունում՝ ասելով, որ «իրենց մտքերն ու աղոթքները նրա, նրա երկու դուստրերի և նրա ընտանիքի հետ են»: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ինքնաթիռի օդաչուն, Ռոբերտ Սաքսը, նույնպես ԱՄՆ քաղաքացի էր:
Քրիստիան Օլիվերը ծնվել է 1972-ի մարտի 3-ին՝ Սելլե քաղաքում (Ստորին Սաքսոնիայի դաշնային նահանգ): Նա մեծացել է Ֆրանկֆուրտում, իսկ հետագայում տեղափոխվել է ԱՄՆ: Նա հայտնի է դարձել իր դերերով այնպիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Հատուկ ջոկատ Կոբրա» (1996), «Օպերացիա Վալկիրիա» (2008), «Speed Racer» (2008), «Հրացանակիրները» (2011), «Ութերորդ զգայարան» (2015-2018) և «Ֆորպոստ» (2018-2021)։