Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել է 2023 թվականի դեկտեմբերի սկզբին Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի ձերբակալության մասին՝ լրտեսության կասկածանքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ դատարանի որոշմամբ՝ Ռայանը (զբաղեցնում էր «Մերկորամա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը) դեկտեմբերի 4-ին չորս ամսով կալանավորվել է։
Ավելի վաղ հայազգի լրագրող Լեո Նիկոլյանը X-ի (նախկինում Twitter) իր էջում հայտնել էր Ռայանի ձերբակալության մասին՝ հրապարակելով նրա լուսանկարը։
2023թ․ դեկտեմբերի 27-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա էր հայտարարել երկրում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում էր, որ այս միջոցառումն ընդունվել էր ի պատասխան Բաքվի՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա հայտարարելու որոշմանը։ Փարիզը կտրականապես հերքել էր Բաքվի կողմից իր որոշումը հիմնավորելու մեղադրանքները։