Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացու կալանավորումն Ադրբեջանում անվանել է կամայականություն և պահանջել անհապաղ ազատ արձակել նրան։ Իր հայտարարության մեջ գերատեսչությունը հաստատել է 2023 թվականի դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի իշխանությունների կողմից իր քաղաքացու կալանավորումը։
«Մենք այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին։ Մենք կտրականապես վերահաստատում ենք, որ մերժում ենք Ադրբեջանի կողմից մեր դեմ իր թշնամական գործողություններն արդարացնելու մեղադրանքները»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ֆրանսիական կողմը կապի մեջ է ձերբակալվածի ընտանիքի հետ, և Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը հնարավորություն է ունեցել երկու անգամ այցելել նրան։
Ավելի վաղ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտնել էր, որ Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը ձերբակալվել է Ադրբեջանում 2023 թվականի դեկտեմբերին՝ լրտեսության կասկածանքով։
Դեկտեմբերի 26-ին Բաքուն պերսոնա նոն գրատա էր հայտարարել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի, ինչին ի պատասխան Փարիզը դեկտեմբերի 27-ին անցանկալի անձ էր հայտարարել Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի։