ԱՄՆ-ի և Բրիտանիայի զինուժը հարվածներ է հասցրել Եմենում հութիների ավելի քան 10 օբյեկտների, հինգշաբթի հայտնել է TACC-ը՝ հղում անելով BBC-ին։
Լրատվականի տեղեկություններով՝ թիրախներն ընտրվել են Կարմիր ծովում նավերի վրա հարձակվելու հութիների ուժերը թուլացնելու համար: Ըստ աղբյուրների՝ «շատ երկրներ աջակցել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին»։
Հարվածների թիրախներն են եղել ռադիոտեղորոշիչ համակարգերը, անօդաչու սարքերով պահեստները, բալիստիկ և թևավոր հրթիռները և դրանց արձակման վայրերը։
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել ինքնաթիռներից, նավերից և USS Florida միջուկային սուզանավից, որոնք Կարմիր ծովի ջրեր են մտել 2023 թվականի նոյեմբերի 23-ին։
Եմենում «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դիրքերին հարվածների համար թիրախներ ընտրելիս ԱՄՆ-ն փորձել է նվազագույնի հասցնել կողմնակի վնասների ռիսկը, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։
Նա պարզաբանել է, որ զինվորականները դեռ պետք է մանրամասն գնահատեն, թե որքանո՞վ է հաջողվել հարվածը, ինչպես նաև պարզել, թե արդյոք պատճառվե՞լ է կողմնակի վնաս:
«Մենք ոչ մի դեպքում չենք թիրախավորել քաղաքացիական բնակչության կենտրոնները»,- ասել է ԱՄՆ-ի բանակի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ հարվածներն իրականացվել են «բարձր ճշգրտության զենքերով՝ կոնկրետ թիրախների ուղղությամբ՝ կոնկրետ վայրերում»։