Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի գործողությունները Սիրիայում և Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ կշարունակվեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Թուրքիան թույլ չի տա իր սահմաններին «ահաբեկչական պետության» ստեղծում։
Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում PKK-ի դեմ գործողությունները կշարունակվեն և սեփական անվտանգության ապահովմանն ուղղված նոր քայլեր կձեռնարկեն։
Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը խորհրդարանում հայտնել է, որ վերջին 5 օրվա ընթացքում թուրքական բանակը Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական հետախուզության հետ համաձայնեցված օդային գործողությունների արդյունքում ոչնչացրել է 114 թիրախ և PKK-ի 78 զինյալ։
Թուրքիայի զինված ուժերն սկսել են գործողություններ Իրաքում և Սիրիայում այն բանից հետո, երբ Հյուսիսային Իրաքում PKK-ի անդամների հարձակման հետևանքով 9 թուրք զինվոր է զոհվել։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր իր 6 զինվորի մահվան մասին, ավելի ուշ զոհերի թիվը հասել էր 9-ի։