Իրանցի զինվորականները երեքշաբթի ոչնչացրել են «Ջեյշ ալ-Ադլ» արմատական խմբավորման երկու բազա, որոնք տեղակայված են Պակիստանում, հայտնում է Ինտերֆաքսը։
«Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու կարևոր հենակետերը հարձակման են ենթարկվել հրթիռներով և անօդաչու սարքերով և ոչնչացվել»,- հայտնում է գործակալությունը։
Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, բազաները տեղակայված են եղել Իրանի հետ սահմանին գտնվող Պակիստանի Բելուջիստան նահանգի շրջաններից մեկում։
«Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը հիմնադրվել է 2012 թվականին, նրա անդամները սալաֆիստական իսլամական շարժման կողմնակիցներ են։ Այն հիմնականում գործում է Իրանի հարավ-արևելքում, որտեղ ապրում են բազմաթիվ սուննի բելուջիներ և որտեղ անվտանգության խնդիրներ կան Պակիստանի հետ սահմանի երկայնքով: Խումբը շփվել է Իրանի քուրդ անջատականների հետ։ Ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել Իրանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում։